Կարծում եմ, ես այն քչերից եմ, ովքեր, տասնամյակներ շարունակ աշխատելով մարզային թատրոններում, կրել են այդ թատրոններին հատուկ թե՛ դժվարությունները և թե՛ ազատ, անկաշկանդ ստեղծագործելու մեծագույն բերկրանքը՝ հատկապես խորհրդային տարիներին։ Ինձ համար ամեն ինչ սկսվեց Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնից, երբ մեկ տարի շարունակ (1967) օպերայի երգչախմբում մասնակցեցի «Անուշի» ու «Սոմայի» բեմադրություններին, ձեռք բերելով թերևս ամենակարևորը՝ բեմական փորձառություն։ Հետո ընտանեկան հանգամանքները ինձ ուղղորդեցին Սյունիք, և ես մշակույթի նախարարության ուղեգրով 1968 թ. մի օր բախեցի Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի հյուրընկալ դուռը, ուր մոտ տասը տարի քառասունից ավելի դասական ու ժամանակակից գրողների ստեղծած կերպարներ մարմնավորեցի։ Սկսեցի «Պատվի համար» դրամայում Սուրենի դերից, այնուհետև խաղացի Բապսի դերը «Չարլեյի մորաքույրը» պիեսում, Դիոլա՝ «Կողոպուտ կեսգիշերին», Միհրան՝ «Մխիթար սպարապետ», Սիմոն՝ «Մահ կամ ամուսնություն», Պերեց՝ «Ինչպես կառավարել կնոջը» և այլն։ Երբեք տարբերություն չեմ դրել գլխավոր ու էպիզոդիկ դերերի միջև, որովհետև ըստ իս բեմի վրա դերասանի համար պարզապես չի կարող լինել երկրորդական դեր։
Մկրտիչ Սարգսյանի Սերժանտ Կարոն՝ Կարոս, կարելի է ասել, դարձավ իմ կյանքի գլխավոր դերակատարումը։ Այն ամբողջապես գրավեց իմ ներաշխարհը, որովհետև այնքան հարազատ ու համահունչ էր մեր կյանքին, մեր ապրած պատերազմական ծանր տարիներին, երբ հայրս գտնվում էր պատերազմի դաշտում և մեր ընտանիքը, ես էլ տատիս փեշից բռնած, հատուկ ժամերի գնում էինք տանից ոչ շատ հեռու գտնվող գյուղամիջում՝ գերանե սյունի վրա տեղադրված, մեծ ձագարաձև ռադիոյից լսելու լուրեր ռազմաճակատից։ Սյան շուրջբոլորը հավաքվում էր ամբողջ Գանձա գյուղը, քար լռությամբ, մի մարդու պես լսում էին ու գլխահակ վերադառնում իրենց բանուգործին։ Կարոն ասում է. «Պատերազմի ոտքը գեղ չէր հասել, բայց ձեռքը հասել էր, գեղը դատարկել... ուրախությունը տարել։ Գեղը՝ մարած փեթակ... Գյուղում վիճակն ավելի ծանր էր, քան ռազմաճակատում...»։ Կերպարի ոգեղեն ուժը շնչավորեց նաև իմ անցյալը, և ես հոգով ու էությամբ մտա այդ դերի մեջ՝ վերամարմնավորելով իմ մանկությունից հայտնի զգացմունքներս, կորստի տագնապներս, հաղթանակների ոգևորությունը։ Սա միայն մի մարդու ապրածը չէ, սա համամարդկային ցավի արտահայտություն է։
Վիպակը 1970-ականների կեսերին պիեսի վերածեց հայտնի դրամատուրգ Գևորգ Գևորգյանը։ Հաճախ միասին էինք աշխատում պիեսի վրա, իմ մասնակցությունը ստեղծագործական պրոցեսին կարևոր էր նրանով, որ ես Ջավախքից եմ և տիրապետում եմ բարբառին, հետևաբար ժողովրդական խոսքը բեմից ճիշտ ու տեղին, համ ու հոտով հնչեցնելու, կոլորիտային կերպար ստեղծելու առումով, ես իմ մասնաբաժինն էի բերում։ Սերժանտ Կարոյի բեմական կյանքը արդեն սկսվել էր. Շահում Ղազարյանը հեռուստա-ռադիո թատրոնով փորձել էր կերտել կենսալի մի կերպար, և մեր նպատակն էր չնմանվել, տարբերվել՝ հոգեբանական նոր ու ինքնատիպ հնարանքներով թատերաբեմ բարձրացնել, ինչպես ընդունված է ասել՝ «հայ զինվորի հավաքական կերպարը»։ Դեռևս հրապարակի վրա չկար Գուրգեն Սեդրակյանի անզուգական մեկնաբանությունը։ Կարոն զվաճախոս է, ժողովրդական մտածողությամբ, բայց նա դրամատիկ հերոս է՝ կյանքի ու մահվան կիզակետում։ Քաջ է ու հերոս, բայց ոչ մի ցուցադրական կեցվածք՝ «Քանի ողջ եմ՝ շարքային մարդ եմ, մեռնելուս պես հերոս կդառնամ»։ «Լեզու» որսալիս ու վրեժի դրսևորումներում անողոք է, մինչդեռ բարի ու փխրուն է նրա հոգին՝ լեյտենանտի, Մարուսյայի հետ շփումներում կամ գյուղն ու ձագերին հիշելիս։ Պատերազմական անմարդկային իրավիճակում անգամ արդար են նրա մտքերը... Իմ կարծիքով, Գևորգ Գևորգյանի բեմադրության հաջողությունը ոչ միայն ծիծաղի ու սրամիտ տեսարանների մեջ էր, այլև հերոսի ողբերգականության, ներքին դրամայի վերհանման, որը հանդիսատեսի համար մտորելու առիթ էր դառնում՝ պատերազմի թողած ծանր վերքերի ու մարդկային ճակատագրերի մասին։
Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էինք սկսում ներկայացումը։ «Вставай страна огромная» երգի հնչյունների ներքո ներսս մի տեսակ վերափոխվում էր, հավաքվում, ողջ էությունս լցվում էր Կարոյով, հետնաբեմից առաջ էի գալիս դեպի հեռվից սուլող, լուսացիր գնդակներից մերթընդմերթ լուսավորվող խրամատում քնած զինվորները ու մեկ էլ լեյտենանտը ցածր, սաստող ձայնով ասում էր՝ «Ո՞վ է»։ «Ես եմ, հայրենակից ջան, Կարոն, քունդ խանգարեցի, ղուրբանդ էղնիմ, չնեղենաս, հոգուդ մեռնիմ, ցերեկվա փնտրածս գիշերն եմ գտել, իմ գործը գիշերով է (Կարոն գիշերով էր գնում գերի բերելու), կուզեի հոտդ քաշեմ, ծննդավայրիս բարբառով խոսել կուզեի»,- ու չգիտեմ էլ նկատու՞մ էր հանդիսատեսը, թե՞ ոչ, բայց արցունքները առատ հոսում էին աչքերիցս։ Նամակ գրելու տեսարանը նույնպես ինձնից արցունք էր քամում, իսկ հանդիսատեսից` քահ-քահ ծիծաղ. «Հայրենակից ջան, դու բանաստեղծություններ կգրես, ճի՞շտ է, արի Նազիկիս նամակ գրենք, ես, որ թուղթ ու գրիչ ձեռքս կառնեմ մտքիս ինչ կա-չկա կթռնի... Նախ գրե՝ Բարևագիր, հետո՝ Նազիկ ջան, ջաները ավելացրու, թող շատ էղնին... Դու, որ կնիկ ունենայիր, ի՞նչըխ կգրեիր»: «Անգին»,- լինում է պատասխանը։ «Անգինը լավ էղավ, ճիշտ, որ Նազիկս շատ անգին է, գրե... Էսպես գրե՝ քու աչքերդ միշտ աչքերուս առաջ են, քու հոգիդ հուգուս մեջն է, հոգուդ մատաղ, գրե, Նազիկ ջան, գնա Փարվանա լճի աղբյուրներից ջուր խմի, սիրտդ հովանա... գրեցի՞ր, գրե մանչերուս մասին, ես իմ ջուխտ մանչերուս պուպուլներն ուտեմ, գրե, գրե, պստիկ են, կուտվի, ապրի արևդ։ Հիմի տուր տանեմ արտագրեմ, թե չէ կմտածեն Կարոն ոտքերը տնկել է, էտոր համար ընկերներն են գրել...»։
Այդ օրերին, երբ ներկայացումը մեծ հնչեղություն էր ձեռք բերել, Գևորգ Գևորգյանը խոստացավ ինձ ծանոթացնել Մկրտիչ Սարգսյանի հետ։ Մտանք գրողների միության իր աշխատասենյակը։
-Քո Սերժանտ Կարոյին եմ բերել,- ասաց Գևորգյանը: Ծանոթացանք։
-Ե՛ս եմ սերժանտ Կարոն,- խրոխտ ասացի ես։
-Կարո՞ղ ես մի կտոր ներկայացնել,- ասաց։ Չմերժեցի։ Կատարեցի այն տեսարանը, որում Կարոն վերադարձել է գյուղ, հանդիպել զավակներին ու նրանք հորը չեն ճանաչել... Հուզիչ էր և Մկրտիչ Սարգսյանի համար.
-Գիտես, կուզենայի հենց Ախալքալաքի բեմի վրա նայել ձեր ներկայացումը...
Ափսոս, չկատարվեց գրողի ցանկությունը, թեև մեր թատերախումբը Ջավախքի գրեթե բոլոր մեծ ու փոքր բեմերում ներկայացրել է պիեսը։ Հատկապես Նինոծմինդայում, նաև իմ հայրենի Գանձա գյուղում, տեղի գրողներն ու մտավորականները՝ Հ. Գրիգորյանը, Մ. Սեդրակյանը, Ս. Ղարսլյանը, մի առանձնահատուկ վերաբերմունքով ու ակնածանքով էին վերաբերվում դերասաններին՝ հարազատի ջերմությամբ։
«Սերժանտ Կարոն» շուրջ 300 անգամ ներկայացրել ենք Երևանի, Արցախի, Հայաստանի տարբեր շրջանների, Վրաստանի, Հյուսիսային Կովկասի հանդիսատեսին և ամենուրեք մեծ հաջողություն ունեցել։ Օրերից մի օր խաղացինք Կոշի գաղութի դահլիճում, և հանդիսատեսը բանտարկյալներն էին։ Նրանց խռոված հայացքների ներքո դերասանի համար դժվար է կենտրոնանալ, բնական, թատերական վիճակի մեջ մնալ։ Մարուսյայի դերակատարը նույնիսկ չէր կարողանում բեմ մտնել, ես իմպրովիզացիայով՝ գրկած բերեցի նրան և այդտեղ նույնպես հաջող ընդունելություն ունեցավ բեմադրությունը։ Տեսարանների ավարտին բանտարկյալները հոտնկայս էին ծափահարում։ Իսկ ներկայացման ավարտին խնդրեցին հանդիպում գլխավոր դերակատարի՝ ինձ հետ։ Եվ բանտապահների հսկողությամբ երկար զրուցեցինք կյանքի լավ ու վատից, արդար ու անարդարից, սիրուց ու բարուց՝ զրույցի ընթացքում էլ սերժանտի դերից դուրս գալ չէր ստացվում, չէի կարողանում։ Տպավորիչ էր։ Տարիներ անց Երևանում` «Սեբաստիա» հյուրանոցի ռեստորանում, ինչ-որ առիթով սեղան նստած, կենացներ էինք ասում, երբ մատուցողը երկու ընտիր կոնյակ՝ իր պարագաներով, դրեց սեղանին։ Նայեցի չորս կողմս՝ ոչ մի ծանոթ մարդ։ Քիչ անց երկու երիտասարդ մոտեցան մեր սեղանին.
-Կարո ջան,- հարազատի պես դիմեց ինձ,- ես եմ ուղարկել։- Նայեց զարմացած դեմքիս ու շարունակեց,- Կոշի տղաներից եմ, տարիներ են անցել, մի քիչ փոխվել եմ, երևի դրա համար չճանաչեցիր։ Երբեք չեմ մոռացել ձեր խաղը, մեր զրույցը։ Ես հիմա ուրիշ մարդ եմ, սերժանտ ջան, մարդկանց պիտանի մարդ եմ...
Ահա և արվեստի ներգործուն ուժը, որ կարող է վերափոխել մարդուն ու «փրկել աշխարհը»։
Վլադիմիր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ վաստակավոր արտիստ, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր